ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎԵՐՋ «ԳՆՉՈՒԱԿԱՆ» ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՎԵՐՋ «ԳՆՉՈՒԱԿԱՆ» ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐԻՆ
27.01.2012 | 00:00

Իր գոյության 38 տարիներին (24-ը` պետականի կարգավիճակով) Երևանի մնջախաղի թատրոնը սեփական տուն երբեք չի ունեցել: Մութ ու ցուրտ 90-ականներին շուրջ 8 տարի եղել է Գեղարվեստի ակադեմիայի, ապա, մոտ 5 տարի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի «կենվորը»: Շաբաթական ընդամենը մեկ բեմելով, բեմադրական լիարժեք փորձերի բացառմամբ խաթարվել է ստեղծագործական ռիթմը: Պետական տարբեր ատյանների դռները թակելուց չհոգնելով` ի վերջո, ՀՀ մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված կառավարական երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, հաջողեցին հերթական թատերանախագիծն իրականացնելու «վերին բարեհաճությանն» արժանանալ: Ծաղկաձորում անցկացված մնջախաղի թատրոնների միջազգային բացօթյա երկու փառատոների արթնացրած հանդիսատեսային աշխուժությունը գոհացրեց բարձրաստիճան չինովնիկներին, կարևորվեց թատրոնի եզակի տեսակն արդի մշակութային խայտաբղետ խճանկարում, սակայն ոչ մի կերպ չէր կարգավորվում շենքի հարցը:
Օրերս հայտնի դարձավ, որ Հյուսիսային պողոտայի տարածքում երկհարկանի շարժական թատրոնի խենթավուն գաղափարը կարողացել է ոգևորել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Վերջինիս մասնավոր արվեստանոցում աշխատող սկսնակ քաղաքաշինարար Մուշեղ Ղուլյանն արդեն իրագործել է շենքի նախագիծը, որը, ստանալով մասնագիտական հանձնախմբի հավանությունը, շուտով կեզրափակի իրականացման «թղթային» մարաթոնը: Քաղաքի կենտրոնում կամերային սրահով փոքրիկ թատերատնակ ունենալը երազանքից իրականության վերափոխվելու շրջափուլում է այժմ: Մշակույթի գործիչների հետ հանդիպման կիսապաշտոնական մթնոլորտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուշի ուշով ծանոթացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի նոր ծրագրային գործունեությանը և, ըստ էության, «կյանքի ուղեգիր» է տվել կառուցողական մի քանի դիտարկումներով: Այլևս կասկած չկա, որ մոտ 50-տեղանոց արդիաոճ շենքը, ի զարմանս ռեստորանների ու էլիտար խանութների տերերի, կկառուցվի Հյուսիսային պողոտայի (այո՛, մայրաքաղաքի ամենաթանկարժեք hողակտորի) տարածքում: Ենթադրվում է, որ մեկ-երկու տարում ավարտին կհասցվեն շինարարական աշխատանքները, և Մնջախաղի պետական թատրոնը, փաստորեն, ինքնահաստատման համառ պայքարով կվերանվաճի իր կանոնավոր գործունեության իրավունքը:
Փոքրաթիվ դերասանախումբը համալրվել է շնորհալի երիտասարդներով, որոնք ձեռնամուխ են եղել «Երեք ընկեր, բայց ոչ ըստ Ռեմարկի» նոր կատակախաղի բեմադրությանը: Առաջին ներկայացումը մտադիր են խաղալ գարնանամուտի առաջին տոնի օրը` մարտի 8-ին: Մինչ այդ մտածում են ԶԼՄ-ների «միջնորդությամբ» իրենց ուրախությունը փոխանցել հանրությանը` մամլո հատուկ հավաքում 3D-ով պատկերավոր ցուցադրելով կառուցվելիք թատերաօջախի նախագիծը:
«Հյուսիսային պողոտայի տարածքում, «վերևների» ու «ներքևների» փոխհամաձայնությամբ, վերջապես թատրոնի շենք կկառուցվի, և մնջախաղի պետական թատրոնը կազատագրվի հարամնա կենվորի, գնչուական թափառախմբի անփառունակ կարգավիճակից»,- «Իրատես de facto»-ին փոխանցեց Ժիրայր Դադասյանը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ